Рубрика: Մուտք ճամբար

Եռօրյա ճամբար Արատեսում

Հուլիսի 10-12-ը մասնակցեցի կրթահամալիրի Արատեսում եռօրյա ճամբարին և ուզում եմ կիսվել իմ տպավորություններով։

Հուլիսի 10

Առավոտյան բոլորով հավաքվեցինք մայր դպրոցում և ճանապարհ ընկանք: Ճանապարհը շատ ուրախ անցավ, մենք զրուցում էինք, պարում և երգում: Առաջին կայանը եղավ Սևանա լճի մոտ՝ Հայրավանքում: Այնտեղ երգեցինք մեր արդեն իսկ սովորած եկեղեցական երգերը, ունեցանք մի փոքր ընդմիջում և շարունակեցինք մեր ճանապարհորդությունը:

Երկրորդ կայանն արեցինք Եղեգիսում: Այնտեղ տեսանք Օրբելյանների դամբարանը, ովքեր մեծ դեր են ունեցել հայ ժողովրդի համար իրենց իշխանության տարիներին:

Այնուհետև բարձրացանք սար, ունեցանք ծիծաղելի արկածներ և հասանք Զորաց եկեղեցի: Այնտեղից բացվում էր հայկական լեռների գեղեցիկ տեսարան: Խոսեցինք եկեղեցու հիմնադրման պատմության մասին և շարժվեցինք դեպի Արատես:

Արատեսում ծանոթացանք տեղանքին, մտերմացանք իրար հետ, սկսեցինք նախապատրաստվել հաջորդ օրվա՝ Վարդավառի ծեսին, իսկ երեկոյան խարույկ վառեցինք, սկսեցինք պարել ու երգել և չնկատեցինք, թե ինչպես ժամանակն անցավ:

Հուլիսի 11

Առավոտը սկսեցինք ուրախ մարզանքով, սպասեցինք բոլորի արթնանալուն, և շատերը սկսեցին իրենց Վարդավառի տոնը: Ընկեր Հասմիկի հետ ունեցանք ընթերցում-քննարկում: Քիչ անց բոլորով գնացինք Արատեսի վանք, կրկին երգեցինք մեր սովորած եկեղեցական երգերը:

Հետո գնացինք Խաչոց ձոր և տոնեցինք Վարդավառը:

Հետ վերադարձանք և ունեցանք հետաքրքիր շփում, յուրաքանչյուրը պատմում էր իր մասին: Երեկոյան կրկին խարույկ վառեցինք և սկսեցինք ուրախանալ:

Հուլիսի 12

Առավոտյան մարզանքից հետո սկսեցինք հավաքել մեր իրերը և պատրաստվել վերադարձին: Ճանապարհին բոլորը միայն խոսում էին անցկացրած օրերի իրենց տպավորություններից: Մի քանի ժամ անց մենք արդեն մայր դպրոցում էինք:

Այս ճամբարը շատ տպավորիչ և հիշվող էր ինձ համար: Հաճելի էր շփվել թե՛ սովորողների, թե՛ ուսուցիչների հետ: Տպավորված եմ ճանապարհորդությամբ, կրկին ու կրկին անգամ հիացա Հայաստանի գեղեցիկ բնության՝ կանաչապատ դաշտերի, սարերի և վերև խոյացող լեռների վրա:

Հիշվող էին խարույկի մոտ անցկացրած ժամերը, երբ, մոռանալով ժամանակի մասին, մենք շարունակում էինք երգել ու պարել:

Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ճամբարին:

Рубрика: Մուտք ճամբար

Մուտքի ճամբար

Հուլիսի 7-9 մասնակցել եմ Մխիթար Սեբաստացու Կրթահամալիրի Մուտքի ճամբարին:

Հուլիսի 7

Երբ ճամբարի բոլոր մասնակիցները հավաքվեցին ընթերցասրահում, մենք ընկեր Աննայի և ընկեր Հովհաննեսի ուղեկցությամբ շրջեցինք դպրոցով մեկ և ծանոթացանք տեղանքին: Տպավորիչ էին զանազան սպորտդահլիճները, մարմարյա սրահը և ապակեպատ դասարանները:

Հետո գնացինք բլոգավարության դասի, որի ընթացքում սովորողներն օգնում էին միմյանց և շատերը, այդ թվում նաև ես, ընկերացանք իրար հետ:

Ընդմիջման ժամանակ էլ գնացինք զբոսանքի և ավելի լավ ծանոթացանք դպրոցի տարածքին:

Ունեցանք հետքրքիր քննարկում ընկեր Հասմիկի հետ: Խոսեցինք լավ ուսուցչի, լավ աշակերտի և պատասխանատվության մասին, իսկ պարոն Տիգրանյանի հետ զրույցից հետո գնացինք սեղանի թենիս խաղալու, որից հետո ամփոփեցինք մեր օրը:

Ճամբարի առաջին օրվանից ինձ դուր եկավ դպրոցի հետ ծանոթությունը, ընկեր Հասմիկի հետ քննարկումը, որից ես նաև դասեր քաղեցի, և սեղանի թենիսը:

Հուլիսի 8

Օրը սկսեցինք ընկեր Աննայի հետ, ով մեզ սովորեցրեց ժամերգության երգեր:

Ունեցանք բլոգավարության դաս և գնացինք գինեգործության արհեստանոց: Մեզ պատմեցին գինի պատրաստելու եղանակի մասին, ցույց տվեցին մառանը, որտեղ Կոմիտասի երգերի ներքո հնանում էին աշակերտների պատրաստած գինիները: Խաղացինք հետաքրքիր խաղ՝ բաժանվելով խմբերի, սկսեցինք գովազդել տարբեր գործարանների արտադրած գինիները:

Ինքս ինձ համար օրը ամփոփելով՝ կասեմ, որ հենց այդ օրվա բլոգավարության դասի հիմքով եմ գրում բլոգս, տպավորված եմ գինեգործության արհեստանոցում անցկացրած ժամանակով:

Հուլիսի 9

Առավոտյան գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, ունեցանք կրթական ժամերգություն, որից հետո քայլելով ու զրուցելով միասին գնացինք դպրոց:

Հետո պետք է գային օտար լեզուների ուսուցիչները և խոսեին իրենց դասավանդող լեզվի մասին, սակայն ես վատառողջ էի և շուտ տուն եմ գնացել: Միայն գիտեմ, որ ընկերներս տպավորված էին և այդ օրը գնացել են բրուտանոց: